Ընթերցանություն
Գլխավոր> Հայ առաքելական եկեղեցու դերը հայ իրավունքի իրացման գործընթացում

Հայ առաքելական եկեղեցու դերը հայ իրավունքի իրացման գործընթացում

1.Հայ իրավունքի աղբյուրները

Որպեսզի կարդացողն ավելի լավ պատկերացնի, թե ինչում և ինչպես է դրսևորվել հայ իրավունքի իրացման գործընթացքում հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դերը, ինչ նշանակություն ու կարևորություն է ունեցել և ունի այն հայ ժողովրդի կյանքում, հարկ ենք համարում, ըստ ժամանակագրական չափանիշի, նախ և առաջ համառոտ կերպով անդրադառնալ հայ իրավունքի աղբյուրներին, այդ թվում նաև կանոնական իրավունքին՝ որպես մեր եկեղեցու կողմից անմիջականորեն կիրառվող միակ գործող իրավունք` պետականությունից զրկված Հայաստանում: Հայ իրավունքի պատմությունը, ելնելով Հայաստանում քրիստոնեության տարածման և ընդունման, ինչպես նաև այն՝ որպես պետական կրոն, հռչակելու հանգամանքից, բաժանվում է երկու փուլերի՝ մինչքրիստոնեական և հետքրիստոնեական, որոնք էականորեն տարբերվում են միմյանցից՝ իրենց հիմքում ունենալով տարբեր բարոյախրատական և իրավական սկզբունքներ: Մեզ հետաքրքրող հարցի տեսանկյունից հարկ ենք համարում անդրադառնալ միայն հետքրիստոնեական ժամանակաշրջանի հայ իրավունքին: Այսպիսով՝ կարելի է արձանագրել հայ իրավունքի, և ընդհանրապես իրավունքի բովանդակության վրա կրոնի և առաջին հերթին քրիստոնեության ունեցած զգալի ու էական ազդեցությունը: Դրա վառ ապացույցն է հանդիսացել միջնադարյան ֆեոդալական պետություններում եկեղեցու միջոցով գործող կանոնական իրավունքը, որը հիմնված էր քրիստոնեական պատվիրանների ու սկզբունքների վրա: Հին և միջնադարյան հայ իրավունքի պատմության մեջ քրիստոնեության և այն տարածող ու պահպանող Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դերն էլ ավելի ցայտուն կերպով է դրսևորվել հատկապես այն ժամանակաշրջանում, երբ հայ ժողովուրդը կորցրել է իր քաղաքական իշխանությունը, զրկվել պետականությունից և ընկել այս կամ այն օտար տերության լծի տակ: Անխուսափելի կործանումից բուն երկիրը, ինչպես նաև հայ ազգը, արվեստն ու մշակույթը պահելու և պահպանելու նկատառումներից ելնելով՝ Հայ Եկեղեցին իր ձեռքն է վերցրել ոչ միայն իրավունքի, այլև պետական կառավարման բնագավառները: Այդպիսի գործառույթներն իրականացվել են այդ ժամանակաշրջանում գործող միակ` հայ իրավունքի աղբյուր հանդիսացող` կանոնական իրավունքի միջոցով: Հայ իրավունքի պատմությանը հայտնի են ստորև թվարկված իրավունքի աղբյուրները, որոնցից յուրաքանչյուրին կանրադառնանք առանձին-առանձին՝ մատնանշելով հատկապես Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու խաղացած դերը դրանց իրացման գործընթացում: Այսպես, հայ իրավունքի աղբյուրներն են՝

  • սովորույթը
  • կանոնական իրավունքը
  • ազգային դատաստանագրքերը
  • օտար իրավունքի ռեցեպցիան
  • իրավահայտ աղբյուրները
  • ինչպես նաև ներկայումս գործող նորմատիվ ակտերը (մեզ հետաքրքրող հարցի տեսանկյունից այն օրենքները և ենթաօրենսդրական ակտերը, որոնցով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունները:

2. Սովորույթը՝ որպես հայ իրավունքի աղբյուր

Սովորույթը հանդիսանում է հայ իրավունքի առաջին աղբյուրը և բնութագրվում է` որպես հայ իրավաբանական բանավոր ավանդություն, որն անդեմ է և անհեղինակ: Այն մեկ անգամ մշակվելով և որոշակի բովանդակություն ստանալով՝ դարեդար անցել է սերնդից սերունդ և հասարակական կյանքում դարձել պարտադիր, ուստի և հենց իր կատարման պարտադիրության ուժով նույնանալով գրավոր օրենքի հետ՝ վերջինիս հետ հավասար կիրառվել է հասարակական կյանքի գրեթե բոլոր բնագավառներում: Հայ իրավունքին հայտնի սովորույթներից է, օրինակ, հարսանեկան նվիրատվության սովորույթը, որն առ այսօր պահպանվել է նաև մեր իրականության մեջ, իհարկե, որոշ փոփոխություններով: Նշենք նաև, որ հին շրջանի հայկական ընտանիքի նահապետական կառույցը ևս կարգավորվել է սովորույթային իրավունքի հիման վրա, համաձայն որի հարսը իր հայրական օջախից կրակ է տարել նշանածի տուն և պարտավոր է եղել հետևել, որ «օջախը» չհանգչի, քանի որ կնոջ առաջնահերթ կոչումը ամուսնու սերնդի շարունակականության ապահովումն է եղել: Սովորույթի դերը միշտ էլ բարձր է գնահատվել հայ հասարակության կարգավորման գործում, քանի որ, ինչպես Մխիթար Գոշն է նշել, սովորույթային իրավունքը նախ և առաջ ենթադրում է մարդու ազատություն: Բացի այդ, կանոնական և քաղաքացիական օրենքները գոյանում են սովորույթային և աստվածային կանոնների հենքի վրա, իսկ այդ կանոնների հիմքը Աստծո կամեցողությունն է՝ փոխանցված Մովսեսի, Ավետարանի, Առաքյալների, Սուրբ հայրերի և այլոց կողմից: Դա նշանակում է, որ սովորույթային և աստվածային օրենքները հավիտենական են ու մշտնջենական, մարդու կամքից անկախ, ուստի և մնում են անփոփոխ, այն դեպքում, երբ կանոնական և քաղաքացիական օրենքները փոխվում են՝ կապված հասարակության մեջ տեղի ունեցող փոփոխությունների հետ: Այսպիսով՝ չնայած այն հանգամանքին, որ Մ. Գոշի Դատաստանագիրքը, ի տարբերություն սովորույթի, հանդիսանում է գրավոր օրենք, այնուամենայնիվ, Մ. Գոշը բարձր է գնահատել սովորույթային իրավունքի դերը և շատ հարցերի լուծումներ գտել է հենց սովորույթային իրավունքի միջոցով: Սովորույթային իրավունքի նորմերը պատմականորեն հանդիսացել են այն աղբյուրները, որոնց հիման վրա ստեղծվել են առաջին գրավոր օրենքները, ինչպիսիք են Համմուրաբիի օրենսգիրքը, մովսիսիական հնգամատյանը, Մանուի օրենսդրությունը, հռոմեական 12 տախտակները, Մխիթար Գոշի «Դատաստանագիրքը»-ը և բազմաթիվ այլ օրենսդրական հուշարձաններ, որոնց կազմավորման և առաջացման գործում վճռական դեր են խաղացել նախ և առաջ սովորույթային իրավունքի նորմերը: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ սովորույթային իրավունքի նորմերն ավելի հաստատուն և տևական կերպով իրենց կիրառումը գտել են հատկապես այն երկրներում ու այն ժողովուրդների մեջ, որոնք այս կամ այն կերպ զրկված են եղել պետականությունից և քաղաքական իշխանությունից, ինչպիսին եղել է նաև Հայաստանն ու հայ ժողովուրդը: Նման պայմանները խոչընդոտել են կայուն և ամբողջական օրենսդրական համակարգի ձևավորմանը և, ընդհակառակը, նպաստել սովորույթային իրավունքի արմատավորմանն ու տևական գոյությանը: Դեռ ավելին, օտարերկրյա նվաճողները առիթը բաց չեն թողել պետականությունից զրկված Հայաստանում բռնի կերպով իրենց իրավունքն ու օրենսդրությունը կիրառելու, ինչպես նաև ծագող իրավահարաբերությունները դրանցով կարգավորելու ու լուծելու ուղղությամբ: Այսպես, օրինակ, հռոմեական վիկտորները Հայաստանում ունեին կայսեր անունից vica secra, այսինքն՝ դատ տեսնելու իրավունք: Հատկանշական է նաև Հուստիանոս կայսեր կողմից կատարված այն փորձը, որով վերջինս ցանկացել է հայ ժառան•ական իրավունքի սովորույթային նորմերը վերափոխել այնպես, որ աղջիկները ևս հող ժառանգելու իրավունք ունենան: Սակայն, դրանով կայսը հետապնդել է ոչ թե կանանց շահերի պաշտպանության նպատակ, այլ ձգտել է Հայաստանում վերացնել խոշոր հողասեփականատիրությունը և խարխլել հայ նախարարությունների տնտեսական հիմքը: Այսպիսով՝ սովորույթային իրավունքի նորմերը հասարակական կյանքում այնքան շատ են կիրառական բնույթ ունեցել, որ ժամանակի ընթացքում` ինչպես կանոնական բնույթի օրենսդրական ակտեր կազմողները, այնպես էլ աշխարհիկ օրենսդրության կոդիֆիկացման գործով զբաղվող անձինք` անկարող են եղել իրենց գործունեության ընթացքում անտեսել սովորույթային նորմերը: Այդ իսկ պատճառով Հայ եկեղեցու կանոնական իրավունքի բոլոր կարևորագույն հուշարձանները, այդ թվում՝ Դավիթ Ալավկա որդու կանոնները, Մխիթար Գոշի և Սմբատ Գունդստաբլի Դատաստանագրքերը կազմվել են դարերի ընթացքում գործող սովորույթային իրավունքի նորմերի խստիվ ու մանրակրկիտ հաշվառմամբ:

3. Կանոնական իրավունքը՝ որպես հայ իրավունքի աղբյուր

Հայ իրավունքի երկրորդ աղբյուրը` սովորույթի տրամաբանական շարունակությունը հանդիսացող կանոնական իրավունքն է, քանի որ իրավական սովորույթը փոխանցվելով սերնդից սերունդ՝ չէր կարող հաջորդ դարերում ամբողջությամբ անտեսվել և մոռացվել, ուստի և եթե ոչ ամբողջությամբ, ապա գոնե մի մասով դրվել է կանոնական իրավունքի հիմքում՝ դրանով իսկ ստանալով օրենքի ուժ և պարտադիր կարգով կիրառվել հասարակական կյանքում: Ի՞նչ ասել է կանոնական իրավունք. դա եկեղեցական ժողովներում ընդունված այն օրենքների կամ կանոնների համակցությունն է, որը վերաբերում էր ինչպես եկեղեցու կազմակերպական կառուցվածքին, այնպես էլ արդարադատության իրականացման բնագավառներին: Կանոնական իրավունքն այն նույն դերն է կատարել պետականությունից զրկված Հայաստանում, ինչ-որ կանեին քաղաքացիական օրենքները պետական իշխանություն ունեցող հասարակության մեջ, քանի որ դրանք պարտադիր էին ոչ միայն հոգևոր դասի, այլև հասարակության մյուս բոլոր խավերի համար: Այդ օրենքները, ավելի ճիշտ, կանոնները ժամանակի ընթացքում ընդունվել են ինչպես տիեզերական ժողովներում, այնպես էլ առանձին եկեղեցական ժողովներում՝ աշխարհիկ իշխանությունների մասնակցությամբ կամ առանց նրանց մասնակցության: Ի համեմատություն եկեղեցական իրավունքի՝ կանոնական իրավունքը ունի ավելի լայն բովանդակություն: Այն չի սահմանափակվել միայն Հայ եկեղեցու ներքին կազմակերպական հարցերով, այլ դրա հետ միասին ընդգրկել է նաև քաղաքացիական, քրեական, ամուսնաընտանեկան և իրավունքի այլ բնագավառները ևս: Տիեզերական ժողովները բարձրաստիճան հոգևորականության ներկայացուցիչների հանրագումարն է, որոնք, որպես կանոն, սկսել են գումարվել 4-րդ դարից սկսած, երբ քրիստոնեությունը հռոմեական կայսրությունում նույնես հռչակվել է պետական կրոն: Վաղ միջնադարի տիեզերական ժողովները ճանաչվել են թե՛ ուղղափառ, և թե՛ կաթոլիկ եկեղեցիների կողմից՝ ստեղծելով եկեղեցական դոգմատիկան և եկեղեցական իրավունքը: Տիեզերական ժողովները Արևելքում հրավիրվել են մինչև 9-րդ դարը, իսկ Արևմուտքում դրանք շարունակվել են նաև 9-րդ դարում, որի ընթացքում հրավիրվել են 13 տիեզերական ժողովներ, սակայն դրանք լոկ հանդիսանում էին կաթոլիկ եկեղեցու տիեզերական ժողովները: Այնուամենայնիվ, դրանցում ընդունված կանոններից շատերը փոխառվել են Հայ եկեղեցու կողմից և հենց վերջինիս կողմից ընդունված կանոնների հետ միասին՝ որպես մեկ ամբողջություն և միակ գործող իրավունք, կանոնական իրավունքի ձևով բավականին երկար ժամանակ կիրառվել են Հայաստանում: Դա պայմանավորված էր նրանով, որ ամեն անգամ, երբ հայ ժողովուրդը կորցրել է իր պետականությունը, Հայ եկեղեցին՝ որպես օրենսդիր մարմին, ստանձնել է ինչպես կանոնների կամ օրենքների ստեղծման, այնպես էլ երկրի պետական կառավարման և արդարադատության իրականացման ծանր լուծը: Այդ իսկ պատճառով հայ հոգևորականները՝ որպես Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու ներկայացուցիչներ, միաժամանակ հանդես են եկել նաև որպես դատավորներ, սակայն ոչ միայն հասարակ ժողովրդի, այլև հայ նախարարների, իշխանների և նույնիսկ թագավորների նկատմամբ: Այսպիսով՝ պետականությունից զրկված Հայաստանում Հայ եկեղեցին միաժամանակ իր վրա է վերցրել պետական կառավարման բոլոր երեք ճյուղերի՝ օրենսդիր, գործադիր և դատական մարմինների գործառույթների իրականացման դժվարին և պատասխանատու պարտականությունը՝ կայուն և անսասան հավատքի միջոցով իր ազգին փրկելով բնաջնջումից, ինչը որ անխուսափելի եղավ շատ ու շատ ազգերի համար: Քանի որ 5-րդ դարից սկսած՝ Հայաստանում կիրառվում էին թե՛ օտարերկրյա, և թե՛ Հայ եկեղեցու կողմից ընդունված կանոնները, և դրանք միմյանց հետ համաձայնեցված չլինելու պատճառով հաճախ հակասում էին իրար, այդ իսկ պատճառով հետագայում անհրաժեշտություն առաջացավ դրանք ենթարկել ինկոռպոռացիայի, այն է՝ համակարգել: Այպիսի աշխատանքը 8-րդ դարի 10-ական թվականներին առաջին անգամ իրականացրել է Հովհան Օձնեցի կաթողիկոսը՝ կազմելով «Կանոնագիրք Հայոց»-ը, որով նպատակ է հետապնդել դավանանքի ու ծիսական հարցերի մշակմամբ պահպանել Հայ եկեղեցու ինքնուրույն ազգային դեմքը: Հետագայում «Կանոնագիրք Հայոց»-ը ավելացվել է բազմաթիվ նոր կանոններով:

Այսպիսով՝ հին և միջնադարյան հայ իրավունքի աղբյուր հանդիսացող կանոնական իրավունքն իր մեջ ընդգրկել է ինչպես հայ, այնպես էլ օտարերկրյա եկեղեցիների ժողովներում ընդունված կանոններ, որոնցից են 325թ. Վաղարշապատի 1-ին, 365թ. Աշտիշատի, 426թ. Վաղարշապատի 4-րդ, 444թ. Շահապիվանի, 448թ. Աղվանից Վաչագան թագավորի, 555թ. և 648թ. Դվինի, 768թ. Պարտավի, 1243թ. Սսի եկեղեցական ժողովները, ինչպես նաև Գրիգոր Լուսավորչի, Ներսես Մեծի, Սահակ Պարթևի, Բարսեղ Մեծի, Աթանասի և այլոց կողմից մշակված կանոնները:

Վերը նշված կանոններից շատերն ունեն քրեաիրավական բովանդակություն, որոնցում ամրագրված են և՛ հոգևոր, և՛ ընդհանուր քրեական հանցագործություններ, ինչպիսիք են, օրինակ, աղանդավորությունը, սրբագողությունը, կրկնամկրտությունը, պաս չպահելը, անառակությունը, հարբեցողությունը, կրկնաձեռնադրությունը, կաշառակերությունը: Կանոնները նախատեսում են նաև համապատասխան պատժատեսակներ, ինչպիսիք են, օրինակ, ապաշխարանքն իր տեսակներով, տուգանքը, հոգևորականին կոչումից ու կարգից զրկելը, բանադրանքը և այլն:

Ստորև կներկայացվեն նշանավոր եկեղեցական ժողովներից մի քանիսում, այն է՝ Աշտիշատի և Շահապիվանի եկեղեցական ժողովներում ընդունված կանոնները, ինչպես նաև Թադևոս Առաքյալին, Գրիգոր Լուսավորչին վերագրվող կանոնները, Աղվանից արքա Վաչագանի կանոնական սահմանադրությունն ու Հովհան Իմաստասեր Օձնեցու կանոնները, որոնք, կարծում եմ, կարևոր և էական նշանակություն ունեն ոչ միայն իրավունքի իրացման գործընթացում Հայ եկեղեցու դերի, այլև հայ ժողովրդի պատմության մեջ՝ փորձելով այդ կանոնների կատարման պարտադիրության և քրիստոնեական պատվիրանների ուժով ճշմարիտ ուղու վրա դնել հայ ժողովրդին՝ ամուր և անսասան պահելով մեր հավատքը, որը կարողացել է պայքարել ամեն մի փորձության դեմ և հասել մինչև մեր օրերը՝ որպես կրակի մեջ բովված, մաքուր և անարատ ոսկի:

Ռաֆայելյան Հասմիկ
 

Share
2009.04.07
Հարց Քահանային
Ինչպե՞ս
Հայտարարություն
Սբ. Պատարագը ժեստերի լեզվով
Լսել քարոզներ
Հղումներ հոգևոր էջեր
Ընթերցել նաև
Website by A. Grigoryan
aramgrig@hotmail.com
Mail
+374 93532025
Tel.